Ադրբեջանական Aze.az կայքի փոխանցմամբ, Միլլի մեջլիսի (խորհրդարան) իրավական քաղաքականության խորհրդարանական կոմիտեի նիստում առաջարկվել է վերականգնել մահապատիժը: Այդպիսի առաջարկով հանդես է եկել խորհրդարանական Իլյաս Իսմայլովը.
«Մահապատիժը վերացվել է ԵԽ-ի պահանջով: Սակայն դա կարող է բացասաբար անդրադառնալ իրենց անձի դեմ ուղղված գործողություններից տուժածների վրա: Հենց անձի դեմ ուղղված հանցագործությունների կանխման համար էլ անհրաժեշտ եմ համարում վերականգնել մահապատիժը:
Մահապատժի վերականգնումը կնվազեցնի այդպիսի հանցագործությունների քանակը: Ադրբեջանը, հետևելով ԵԽ-ի խորհուրդներին ու պահանջներին, պետք է հաշվի առնի նաև իր ազգային շահերը»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ԵԽ-ին անդամակցել է 2001 թվականի հունվարի 25-ին` դառնալով նրա 43-րդ անդամը: Ինչ վերաբերում է մահապատժին, ապա այն առաջին անգամ իրականացվել է 1918 թվականին և վերացվել 1920 թվականի հունվարին: Այն նորից ներդրվել է 1922 թվականին, իսկ 1947-1950 թվականներին փոխարինվել 25-ամյա ազատազրկմամբ:
Սկզբնական շրջանում այդպիսի դատավճռի համար հիմք էին ծառայում հայրենիքին դավաճանելը, լրտեսությունն ու դիվերսիոն գործունեություն ծավալելը, սակայն 1958 թվականից դրանց հավելվեց ևս երեք բան. ահաբեկչություն, բանդիտիզմ և ծանր հանգամանքներում դիտավորյալ սպանություն:
Միայն 1971-1991 թվականներին Ադրբեջանում կայացվել է 400 մահապատժի դատավճիռ (միջին հաշվարկով` տարեկան 20 դատավճիռ):
Ադրբեջանում մահապատիժը վերջնակապաես վերացվել է 2002 թվականի ապրիլին:









































