Լիբանանցի Ուսամա Հայաթը, որը ձերբակալվել է Քուվեյթում ԴԱԻՇ-ին աջակցելու կասկածանքով, խոստովանել է, որ զենք է գնել Ուկրաինայում և Թուրքիայով այն ուղարկել Սիրիա՝ խմբավորման գրոհայիններին: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Քուվեյթի ՆԳՆ-ին:
Նոյեմբերի 19-ին հաղորդվեց տարբեր երկրների 6 քաղաքացիների ձերբակալության մասին, որոնք զբաղվել են ԴԱԻՇ-ի մատակարարմամբ: ՆԳՆ-ում նշում են, որ իր տվյալներով՝ հենց Հայաթն է ծայրահեղականների վնասազերծված բջջի գլխավորը:
Հայաթը նաև խոստովանել է, որ ԴԱԻՇ-ին օգնել է գրոհայիններ ներգրավել և փող հավաքել, որն ուղարկվել է Թուրքիայում ԴԱԻՇ-ի հետ կապ ունեցող բանկային հաշիվներին:
Ոստիկանությունը նաև ճշտել է մնացած 5 ձերբակալվածների դերերը. 3 սիրիացիներից մեկը զբաղվել է զենքի առևտրով, մյուսը պատասխանատու է եղել ֆինանսների և կապի համար: Քուվեյթցին պատասխանատու է եղել լոգիստիկ աջակցության համար:
Երկու սիրիացի և կրկնակի քաղաքացիություն (Ավստրալիայի և Լիբանանի) ունեցող 2 անձ դեռևս ազատության մեջ են:









































