News Georgia լրատվական գործակալության փոխանցամբ՝ շուտով հայտնի կդառնա, թե Ռուսաստանը երբ է մեղմացնելու վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։ Այդ մասին այսօր Պրահայում հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։
Վերջինս Չեխիայի մայրաքաղաքում հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Աբաշիձեն հայտարարել է.
«Ռուսաստանի ներկայացուցիչը խոսեց վիզաների մասին, որ նրանք ինտենսիվ աշխատում են այդ հարցի շուրջ և հավանաբար մոտ ժամանակներս մենք տեղեկատվություն կստանանք, թե երբ և ինչ ձևով Վրաստանի քաղաքացիների համար կմեղմացվի վիզային ռեժիմը»։
Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների հանդեպ վիզային ռեժիմ սահմանել է 2000 թվականին, իսկ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո խստացրել է այն։ Վրաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացրել է 2012 թվականի փետրվարի 29-ին։