Մեծ Բրտանիայում փախստականներ տեղավորելու կառավարական ծրագրի համաձայն` Սիրիայի փախստականներով առաջին չարտերային չվերթը վայրէջք է կատարել շոտլանդական Գլազգոյում, հայտնում է TASS-ը:
Ինչպես հայտնել են տեղական լրատվամիջոցները՝ ինքնաթիռում գտնվել են հարյուրավոր սիրիացիներ, որոնք ավելի վաղ ապրել են Լիբանանի, Թուրքիայի և Հորդանանի ճամբարներում:
Բրիտանիայի իշխանությունները նրանց կտրամադրեն հինգ տարվա վիզա, որի ավարտից հետո նրանք կարող են մնալ երկրում և ստանալ մնալու նոր իրավունք: Ավելի վաղ, Միացյալ Թագավորության ՆԳ նախարար Թերեզա Մեյը հայտարարել էր, որ երկիր ժամանած բոլոր փախստականները մանրազննին ստուգման են ենթարկվում, ահաբեկչության սպանալիքի կապակցությամբ:
«Նախ մենք մարդկանց վերցնում ենք ուղղակի ճամբարներից: Այդ հարցում մենք համագործակցում ենք ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն կոմիսարի վարչության հետ, որը զբաղվում է կենսաչափական տվյալներ հավաքելով, մշակում է փաստաթղթերը, մարդկանց հետ հարցազրույց է անցկացնում, որպեսզի հայտնաբերի նրանց, ովքեր կապ ունեն ռազմական հանցագործությունների և քրեական գործունեության հետ»,- ասել է նա:
Մեծ Բրիտանիան համաձայնվել է մինչև 2020 թվականը ընդունել 20 հազար սիրիացի փախստականներ, Սիրիայի հարևան երկրներում գտնվող ՄԱԿ-ի փախստականների ճամբարներից:







































