ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը չեղարկել է ցածր ատյանի դատարանի որոշումը Կալիֆոռնիայում մահապատժի ոչ սահմանադրական լինելու մասին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Անցած տարի մահապատժի դատապարտվածներից մեկի փաստաբանը շահել էր դատը՝ հաստատելով, որ Կալիֆոռնիայում պատժի իրականացման վիթխարի ձգձգումները հակասում են դաժան և արտասովոր պատժի արգելքին, իսկ դա նշանակում է, որ հակասում են Սահմանադրությանը։
Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ չնայած շատ մարդիկ Կալիֆոռնիայում մահապատիժների համակարգը համարում են ոչ արդյունավետ, այն համապատասխանում է դաշնային օրենքին։
2012 թվականին Կալիֆոռնիայում մահապատժի չեղարկման հարցը հանրաքվեի էր դրվել, սակայն նահանգի ընտրողները մերժել էին առաջարկը։









































