Աշգաբադում նոյեմբերի 10-11-ին տեղի է ունեցել հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 7-րդ նիստը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի և Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Սապարդուրդի Տոյլիևի նախագահությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են համագործակցության հնարավորություններին առնչվող բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են էներգետիկային, գիտությանը և կրթությանը, մշակույթին, առողջապահությանը, զբոսաշրջությանը և սպորտին, գյուղատնտեսությանը, ավիացիային, առևտրատնտեսական հարաբերություններին։ Անդրադարձ է կատարվել նախորդ նիստում նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքին։ Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են կատարված աշխատանքների արդյունքները։
Իր ելույթում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարն առանձնացրել է այն հանգամանքը, որ Հայաստանի և Թուրքմենստանի տնտեսությունների միջև առկա է մեծ պոտենցիալ և այն իրացնելու համար առաջարկել է կազմակերպել տնտեսական համաժողովներ` երկու երկրների գործարարների և արդյունաբերողների մասնակցությամբ։ Երվանդ Զախարյանը կարևորել է Աշգաբադ-Երևան ուղիղ չվերթի բացման նպատակահարմարությունը, ինչը, նախարարի կարծիքով, լուրջ խթան կարող է դառնալ ոչ միայն տնտեսական հարաբերությունների զարգացման, այլև զբոսաշրջության ընդլայնման համար։
Հայ-թուրքմենական գործակցության համար բարենպաստ հիմքեր են ստեղծում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից մի շարք, մասնավորապես, կենսատեխնոլոգիաների և միկրոբիոլոգիայի ոլորտներում առաջարկված համագործակցության ծրագրերը։ Ակնկալվում է ակտիվացնել համագործակցությունը նաև գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման, սելեկցիայի և սերմացուների արտադրության մեջ։
Աշխատանքների ավարտին ստորագրվել է հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի Արձանագրությունը։









































