Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ մերժեց ԵՊՀ նախկին դասախոս, դոցենտ Սասուն Սարիբեկյանի հայցը, որով վերջինս բողոքարկում էր դատախազության անգործությունը։ Սարիբեկյանը մինչև դատարան դիմելը դիմել էր դատախազություն՝ պահանջով, որ բացահայտեն Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի ունեցվածքի ծագման իրական աղբյուրները։ Դատախազությունը սակայն մերժել է Սարիբեկյանի դիմումը՝ պատճառաբանությամբ, թե ներկայացված փաստերը բավարար չեն։
Սարիբեկյանը մինչդեռ պնդում է, որ ներկայացված փաստերն ավելին են, քան անհրաժեշտ է։ Սիմոնյանը պաշտոնական հավատարմագրից ստանում է 500 հազար դրամ աշխատավարձ, մինչդեռ մի քանի բազմամիլիոնանոց տներ ու շինություններ ունի։
Դոցենտը պնդում է՝ Սիմոնյանի ունեցվածքը, որը ձեռք է բերվել բացառապես նրա ռեկտոր աշխատած տարիներին, չէր կարող ձեռք բերվել միայն ռեկտորի աշխատավարձով։
Սարիբեկյանի խոսքով, սակայն, դատախազությունը, այսօր էլ արդեն դատարանը մերժեցին իր դիմումը, քանի որ Սիմոնյանը իրենց համար օրենքից դուրս՝ արտոնյալ մարդկանց թվում է։
ԵՊՀ նախկին դասախոսը, սակայն, հետևողական է լինելու, որպեսզի Սիմոնյանի պես արտոնյալները պատասխանատվության ենթարկվեն:
Նշենք, որ Արամ Սիմոնյանը չի հերքել իր ունեցվածքի վերաբերյալ հրապարակումները։ Նա ընդունել է, որ այդ ամբողջ ունեցվածքը իրեն է պատկանում, և պատճառաբանել, որ ինքը, մեջբերում ենք, պրոֆեսոր մարդ է, հո բոմժի նման սառնարանում «կառոբկայի» մեջ չի ապրելու։ «Վերջին հաշվով ԵՊՀ ռեկտորը, ակադեմիայի թղթակից անդամը, որը բազմաթիվ դրամաշնորհներ է ստանում, ակադեմիկոսի որդին կարող էր իրեն թույլ տալ այսքանն ունենալ»:







































