Շարմ էլ-Շեյխի օդանավակայանում ավելի քան 10 տարի աշխատող 7 պաշտոնատար անձինք, ոչ պաշտոնապես տեղեկացրել են Associated Press-ին անվտանգության համակարգի մի շարք բացթողումների վերաբերյալ:
Հարցաքննված որոշ աշխատակիցներ մասնավորապես նշել են ոչ ճիշտ աշխատող սքաների մասին և այն մասին, որ չնայած ղեկավարությունը տեղեկացված է եղել, բայց սարքը չի փոխարինվել նորով:
Աշխատակիցներից մեկը հայտնել է, որ ոստիկանները ստուգումներն իրականացնում են ռենտգենյան սարքավորումների միջոցով, կաշառք են վերցնում, ցածր աշխատավարձ են ստանում: Նրա խոսքերով՝ ինքը բազմիցս է հայտնաբերել թմրանյութերով և զենքով լի բեռներ, որ իր գործընկերները բաց են թողել 10 եվրոյի դիմաց:
Պատմել են նաև այն մասին, որ օդանավակայանի դարպասների վերահսկողությունը, որտեղով ներս են բերվում սննդամթերքը և վառելիքը, հաճախ թույլ է իրականացվում: Չվերթները սպասարկող տեղական հյուրանոցներից մի քանիսը սննդամթերքը շատ հաճախ առանց ստուգման անմիջապես ինքնաթիռ են հասցնում:
Եգիպտոսի զբոսաշրջության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Մագդի Սալիմը ասել է, որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները պարբերաբար բաց են թողնում իրենց ծանոթներին և բարեկամներին, քանի որ նրանց խուզարկելը համարվում է վիրավորական: Հաճախ «հարգանքից» դրդված նրանք նաև չեն խուզարկում հարուստի տեսքով, կամ շքեղ մեքենայից իջած մարդկանց:











































