Վատիկանում հերքում են, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իտալացի լրագրողին ասել է, որ բոլոր բաժանված և երկրորդ անգամ ամուսնացած կաթոլիկներին շուտով թույլ կտան Հաղորդության մասնակցել: Այս մասին հայտնում է National Catholic Register-ը:
La Repubblica թերթի լրագրող Էուջենիո Սկալֆարին գրել է, որ պապն իրեն հեռախոսային հարցազրույցի ժամանակ ասել է, որ կաթոլիկ եկեղեցու Եպիսկոպոսների սինոդի հոկտեմբերյան հանդիպման ժամանակ որոշում է ընդունվել թույլ տալ Հաղորդությանը մասնակցել բաժանված և երկրորդ անգամ ամուսնացած կաթոլիկներին: Սկալֆարին գրել է, թե Հռոմի պապը հայտարարել է, որ «մոտ ապագայում բոլոր ամուսնալուծվածներին, որոնք այդ մասին կխնդրեն, կթույլատրվի մասնակցել Հաղորդությանը»:
Սակայն Վատիկանի մամլո ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին National Catholic Register-ին տված հարցազրույցում վստահեցրել է, որ Սկալֆարիի տեղեկությունը «ոչ ճիշտ է եղել»: Նա նշել է, որ La Repubblica-ի հրապարակումը «հուսալի չէ և չի կարող դիտարկվել որպես Հռոմի պապի հայացքների արտացոլում»:
Վատիկանում հայտնել են, որ Սկալֆարին Ֆրանցիսկոս պապի խոսքը ճիշտ չի մեջբերել: «Իտալացի լրագրողը, որն արդեն 91 տարեկան է և իրեն աթեիստ է համարում, պատրաստակամությամբ խոստովանում է, որ չի ձայնագրում պապի հետ իր խոսակցությունները և նրա խոսքը վերականգնում է հիշողությամբ»,- ասել է Լոմբարդին:









































