Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանը «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու նախագծի շրջանակներում հավելյալ գումարներ է տրամադրելու Վրաստանին: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալ Արչիլ Կեկելիան.
«Մոտ ապագայում լուծվելու է Ադրբեջանի կողմից ԲԹԿ նախագծի շրջանակներում Վրաստանին հավելյալ միջոցների տրամադրման հարցը: Այդ հարցը քննարկվել է ապրիլի 25-ին, երբ Ադրբեջանում մեկօրյա այցով գտնվում էր Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան:
Բացի այդ, այս նախագծով մեծապես շահագրգռված են Չինաստանն ու Ղազախստանը»:
Նշվում է, որ ավելի վաղ ԲԹԿ-ի վրացական հատվածի կառուցման համար Ադրբեջանը Վրաստանին 25 տարով հատկացրել էր 200 միլիոն դոլարի մեկ տոկոսադրույքով վարկ: Փորձագետների հաշվարկով, ԲԹԿ-ի շահագործման առաջին իսկ տարում Ադրբեջանի եկամուտները կկազմեն ավելի քան 50 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ 2007 թվականի փետրվարի 7-ին Վրաստանի մայրաքաղաքում Հայաստանի չորս հարևաններից երեքը` Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, ստորագրեցին «Թբիլիսյան հռչակագիրը», որը առնչվում էր միմյանց միջև խորացող հաղորդակցային և էներգետիկ համագործակցությանը:
Այդ պայմանավորվածությամբ նախատեսվում էր կառուցել Թուրքիան (Կարս) Վրաստանին (Ախալքալաք) կապող 98 կիլոմետր ընդհանուր երկարությամբ երկաթգիծ, որից 68 կիլոմետրը՝ թուրքական տարածքում, իսկ 30 կիլոմետրը՝ վրացական տարածքում: Բացի այդ, պետք է արդիականացվեր երկաթգծի վրաց-ադրբեջանական հատվածը:
Նախագիծը գնահատվում է 600 միլիոն դոլար: Երկաթգծի տարեկան թողունակությունը կազմելու է տարեկան 30 միլիոն տոննա բեռնափոխադրություն (Գյումրի-Կարս երկաթգծի դեպքում այդ ցուցանիշը կազմում է 10 միլիոն տոննա):











































