ՆԱՏՕ-ի ռմբակոծությունները Լիբիայում շարունակվում են: Հիմա կոալիցիոն զորքերը փորձում են շարքից հանել Քադաֆիի ցամաքային զինտեխնիկան, քանի որ ծովայինն ու ռազմաօդային ուժերն արդեն մեծ վտանգ չեն ներկայացնում: Թերևս, հետագա օրերին այդ ռմբակոծությունների հաճախականությունը կավելանա, քանի որ ցամաքային թիրախների դեմ պայքարին միացել են նաև Իտալիայի ռազմաօդային ուժերը:
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ Հռոմը փոխում է իր մասնակցության ֆորմատը: Մինչ այդ Իտալիայի օդանավերը մասնակցում էին Լիբիայի օդային տարածքի հսկմանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ինքնաթիռների անվտանգության ապահովմանը: Ինչպես հետագայում ասել է Իտալիայի ՊՆ ղեկավար Ինյացիո Լա Ռուսան, այս որոշումը չի ավելացնի վտանգները Իտալիայի համար: Նա հայտնել է, որ խոսքը ոչ թե հախուռն գրոհների, այլ ռազմավարական թիրախների ճշգրիտ ռմբակոծության մասին է: Այս մասին հաղորդում է Corriere della Serra:
Սակայն այս որոշումը սպառնում է պառակտել իշխող կոալիցիան: «Հյուսիս լիգա» կուսակցության ղեկավար Ռոբերտո Կալդերոլին ասել է, որ ինքը դեմ է Լիբիայում ռազմական գործողություններին. «Մենք առանց այն էլ բավական օգնել ենք դաշնակիցներին` տրամադրելով նրանց ռազմաբազաներ, ապահովելով նրանց մատակարարումը, մասնակցելով պարեկային գործողությունների»,- ասել է նա:









































