Փխենյանը նախազգուշացում է արել Սեուլին այն մասին, որ վերջինս «կբախվի աղետալի հետևանքների հետ», եթե իշխանությունները հարավկորեական ոչ կառավարական կազմակերպություններին թույլ տան Հյուսիսային Կորեայի ազգային տոնին՝ Արևի օրը թերակղզու հյուսիս ուղղել քարոզչական թռուցիկներ: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Արևի օրը՝ ներկայիս հյուսիսկորեացի առաջնորդի պապի՝ Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան օրն է: Նրան անվանում էին «ազգի արև»: Օրը նշվում է ապրիլի 15-ին:
Ավելի վաղ մի շարք հարավկորեական ոչ կառավարական կազմակերպություններ հայտնել էին այդ օրը Հյուսիսային Կորեայի տարածք ռեժիմի և քաղաքական կառուցվածքի քննադատությամբ թռուցիկներ ուղարկելու իրենց մտադրության մասին։