Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին և նրա կառավարության նախարարներին կասկածում են սոցիոլոգիական հարցումների անօրինական ֆինանսավորման մեջ: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:
«Ֆավորիտիզմի և պետական միջոցների մսխման մասին» գործով նախաքննությունը Փարիզի դատախազության կողմից սկսվել էր դեռևս 2012-ի հոկտեմբերի11-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա:
Նախանցած տարի Կոռուպցիայի դեմ պայքարի «Անտիկոր» ֆրանսիական ասոցիացիան դիմել էր ոստիկանություն՝ վարչապետի նստավայրի և հասարակական կարծիքի հարցումներ անցկացնող «Ժիակոմետտի-Պերոն» ընկերության միջև 2008-2011 թթ ընդհանուր 700 հազար եվրո արժեքով մի շարք պայմանագրերի կնքման օրինականության ստուգման պահանջով:
Ավելի վաղ Ֆրանսիայի Հաշվիչ պալատն այդ պայմանագրերի աուդիտ էր անցկացրել և եկել այն եզրակացության, որ դրանց ստորագրման ժամանակ մրցակցային կանոնները չեն պահպանվել: Դեպքերի մեծ մասում իշխանությունները նույնիսկ մրցույթ չէին անցկացրել:
Համանման քննություն է անցկացվում նաև և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի և նրա վարչակազմի դեմ: Նրա ղեկավարման տարիներին է Ֆիյոնը զբաղեցրել վարչապետի պաշտոնը:
Իրավապահ մարմինները հանրապետության նախկին առաջնորդի թիմին կասկածում են առանց մրցույթների կազմակերպման սոցհարցումների անցկացման համար մոտ 90 մլն եվրոյի պայմանագրի կնքման մեջ: