Այսօր Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի պատրաստած զեկույցը՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում»։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ներկայացուցիչների հետ, բայց դատելով ադրբեջանական մամուլի հրապարակումներից, մեր պատվիրակության անդամները կարող էին գտնվել շոկի մեջ։ Պատճառն այն է, որ քաղաքական հարցերի հանձնաժողովը ոչ միայն հավանություն է տվել Ուոլթերի պատրաստած, առանց այն էլ խիստ ադրբեջանամետ զեկույցին, այլ նաև ընդունել է ադրբեջանական կողմի ներկայացրած երեք առաջարկները, որոնց արդյունքում այն ավելի քան ադրբեջանահաճո է ստացվել։
Ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների, հայկական պատվիրակության անդամներն առաջարկել են մերժել Ուոլթերի զեկույցի ընդունումը և այլևս չանդրադառնալ դրան, սակայն այս առաջարկությանը կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամներից 14-ը, իսկ դեմ 24-ը, ինչի արդյունքում հայկական պատվիրակության առաջարկը մերժվել է։ Դրա փոխարեն ընդունվել է ադրբեջանական պատվիրակության ներկայացրած առաջարկները, մասնավորապես «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված» ձևակերպումը փոխարինվել է «Ադրբեջանի գրավյալ տարածքները շարունակում են գտնվել օկուպացված» ձևակերպմամբ։ Մյուս առաջարկը վերաբերվել է ադրբեջանցի օկուպանտներ՝Դ.Ասկերովին և Շ. Գուլիևին։ Ուոլթերի պատրաստած զեկույցի նախնական տեքստում կար ձևակերպում՝ ըստ որի Դ.Ասկերովին և Շ. Գուլիևին Լեռնային Ղարաբաղի դատարանն ապօրինի դատապարտել է ազատազրկման։ Ըստ ադրբեջանցիների, իրենք կարողացել են հասնել նրան, որ զեկույցում ավելացվել է հետևյալ պարբերությունը․ «Կոչ ենք անում օկուպացիա իրականացնող Հայաստանին ապահովել այդ անձանց արագ ազատ արձակումը»։ Եվ վերջում Ուոլթերն իր զեկույցում գրել է, թե ԵԽԽՎ-ն «ափսոսանք է հայտնում», որ հայկական կողմը հրաժարվել է համագործակցել զեկուցողի հետ։ Ադրբեջանական պատվիրակության առաջարկով՝ «Ափսոսանք է հայտնում» ձևակերպումը փոխարինվել է «վճռական դատապարտում է» ձևակերպմամբ։
Ավելացնենք նաև, որ նախնական տեքստում եղել են հղումներ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձևերին, ինչպես նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած դատավճռին, որը ըստ ադրբեջանցիների գնահատման, ապացուցվում է, որ Հայաստանը փաստացի վերահսկում է Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները։
Հավելենք, որ Ռոբերտ Ուոլթերի պատրաստած զեկույցը կներկայացվի ԵԽԽՎ հունվարյան լիագումար նիստին, և ամենայն հավանականությամբ այն ևս կընդունվի։ ԵԽԽՎ-ի բանաձևերն ու զեկույցները չունեն իմպերատիվ ուժ և պարտադիր չեն կատարման համար։







































