Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ դեկտեմբեր 6-ի և 13-ի շրջանային ընտրություններին ընդառաջ՝ անհայտ պատճառներով վերջին պահին UDI կուսակցության (Union des Démocrates et Indépendants – Ժողովրդավարների և անկախների միություն) կարգադրությամբ Փարիզյան շրջանի ցանկից հանել են Ալեքսի Գեովճյանին: Նախկին նախարար Վալերի Փեքրեսի գլխավորած ցանկում Գեովճյանի փոխարեն ընդգրկվել է նույնպես նախկին նախարար (1986-1988) Տիտիե Պարիանին:
Ըստ երևույթին, Վալերի Փեքրեսի և հանրապետականների (նախկին UMP) հետ Մեոտոնի UDI ծերակուտական-քաղաքապետ Հերվե Մարսեյի վարած բանակցություններից հետո է, որ Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) նախկին նախագահ Ալեքսի Գեովճյանին հեռացրել են ցանկից: Հստակ է, որ վերջինս չէր վայելում ո՛չ Հերվե Մարսեյի, ո՛չ էլ UDI-ի նախագահ Ժան-Քրիսթոֆ Լագարդի զորակցությունը, և Փեքրեսն էլ, որ ցանկանում էր իր կողքին ունենալ Գեովճյանին, տեղի է տվել՝ այլ ելք չունենալով:










































