Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն կնոջ՝ Սելվի Քըլըչդարօղլուի հետ Անկարայում մասնակցել է Թուրքիայում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ ներկայիս ընտրությունները շատ կարևոր են Թուրքիայի Հանրապետության, ժողովրդավարության, իրենց երեխաների ու ապագայի համար. «Այս երկիրը բոլորի երկիրն է, և այս երկրում մենք բոլորս ցանկանում ենք ապրել հանգիստ պայմաններում։ Մենք բարօրություն ու անդորր ենք ցանկանում այս երկրում։
Այս երկրում եղբայրաբար համատեղ ապրել ենք ուզում։ Այս երկրում մայրերը ցանկանում են իրենց երեխաներին դպրոց ուղարկել հանգիստ պայմաններում։ Մեր բոլորի նպատակն է ահաբեկչության դեմ պայքարելը՝ անկախ նրանից, թե ումից է բխում այն»։








































