Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը ԴԱԻՇ-ի անունից կատարված հայտարարությունը Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանման մասին համարում է անհիմն տեղեկատվություն:
«Այժմ տարբեր լրատվամիջոցներում հայտնվում են տարբեր տեղեկություններ այն մասին, որ ռուսական մարդատար ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ Էշ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթը, իբր խոցվել է ահաբեկիչների բաց թողած զենիթային հիթիռով: Այդ տեղեկությունը չի կարող համարվել վավերական»,- մեջբերում է Սոկոլովի խոսքերը Interface-ն:
Նախարարի խոսքերով` աղետի վայրում աշխատող եգիպտացի մասնագետները չունեն նմանատիպ պնդումները հաստատող տեղեկություն:
Սոկոլովը հայտնել է, որ մոտ ժամանակում կսկսի աշխատել միջազգային հանձնաժողով, որը «բոլոր հավաքված նյութերի և մանրակրկիտ վերլուծությունից հետո եզրակացություններ կանի ողբերգության պատճառների մասին»:
Միաժամանակ, Ռոսավիացիան դեռևս հիմքեր չունի համարելու, որ Եգիպտոսում վթարը տեղի է ունեցել տեխնիկական անսարքությունների կամ անձնակազմի սխալի հետևանքով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում վթարի է ենթարկվել ռուսական ավիաուղիներին պատկանող А321 ինքնաթիռը, որտեղ գտնվում էր 224 մարդ և անձնակազմի 7 անդամ: Ըստ նախնական տեղեկությունների նրանք բոլորը զոհվել են:








































