Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի «Փյունիկ»-ի հետ հանդիպումը դարպասապահ Արսեն Պետրոսյանի համար կլինի 50-րդը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում: Այս մասին գրում է «Գանձասար Կապան»-ի ֆեյսբուքյան էջը:
Հետաքրքրական է, որ իր հոբելյանական խաղը Պետրոսյանը կանցկացնի իր նախկին թիմի՝ «Փյունիկ»-ի հետ: Խաղից առաջ իր ակնկալիքներն է հայտնել Կապանի թիմի դարպասապահը:
– Ի՞նչ էմոցիաներ են մնացել «Միկա»-ի հետ խաղից հետո.
– «Միկա»-ի նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2:1) լավ ուրախացանք, բայց նաև շատ շուտ մոռացանք այդ հաջողությունը, որովհետև պետք է պատրաստվեինք «Փյունիկ»-ի հետ խաղին: «Միկա»-ի հետ խաղն անցյալում է ու արդեն մոռացվել է: Թիմի կենտրոնացվածությունը «Փյունիկ»-ի հետ խաղի վրա է:
– Ի՞նչ վիճակով է «Գանձասար Կապան»-ը մոտենում «Փյունիկ»-ի հետ խաղին.
– Առաջիկա խաղում մենք դարձյալ ձգտելու ենք առավելագույնին: Թիմում բոլորը հավաքված են ու շատ լուրջ են տրամադրված: Մտածում ենք միայն հաղթանակի մասին: Ինչպես խաղացել էինք գավաթի խաղում, պետք է հենց այդպես էլ գործենք, միայն պետք է գոլ բաց չթողնենք:
– Ի՞նչ ֆուտբոլ է խաղում «Փյունիկ»-ը.
– Նրանք տաղանդավոր ու լավ որակներ ունեցող երիտասարդ ֆուտբոլիստներ ունեն: «Փյունիկ»-ի ֆուտբոլիստներն արագ են, ճարպիկ ու տեխնիկապես լավ պատրաստված: Դաշտում շատ արագ են մտածում ու գործում: Եթե ուզում ես հաղթել «Փյունիկ»-ին, ապա դու էլ պետք է նույն կերպ գործես՝ ճկուն խաղ ցույց տաս, արագ ու կարճ փոխանցումներով:
– «Փյունիկ»-ի ո՞ր ֆուտբոլիստից պետք է ամենից շատը զգուշանալ.
– Ես որպես դարպասապահ պետք է շատ ուշադիր լինեմ հատկապես Ղուկաս Պողոսյանի նկատմամբ: Կարծում եմ, որ նա «Փյունիկ»-ի ամենավտանգավոր ֆուտբոլիստն է:
– Ի՞նչ է հարկավոր «Գանձասար Կապան»-ին չեմպիոնին հաղթելու համար.
– Առաջին 20 րոպեում պետք է 3 գոլ խփենք (ծիծաղում է): Պետք է 90 րոպե հավաքված գործել, ուշադիր լինել ու գոլ խփել: Ամենակարևորը պետք է մաքսիմալ նվիրվել:
– Առաջիկա խաղը քո 50-րդ հանդիպումն է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, ի՞նչ զգացողություններ ունես.
– Առանձնահատուկ զգացողություններ չունեմ: Միակ յուրահատուկ բանն այն է, որ այօսր «Ալաշկերտ»-ն ու «Շիրակ»-ը միավորներ կորցրին. մենք պետք է օգտվենք ընձեռնված հնարավորությունից, որպեսզի մոտենանք «Ալաշկերտ»-ին ու շրջանցենք «Շիրակ»-ին:
– Հետաքրքրական է, որ քո 1-ին հանդիպումն անցկացրել ես «Փյունիկ»-ի կազմում, իսկ 50-րդ խաղդ կանցկացնես նրանց դեմ: Այդ առումով առաջիկա խաղը քեզ համար բացառի՞կ է.
– Ո´չ, եթե անկեղծ լինեմ, ես նման իրադարձություններին ուշադրություն չեմ դարձնում: Բոլոր թիմերն էլ ինձ համար մրցակից են ու ես նույն աչքով եմ նայում բոլորին: Ժամանակին մեծ ուշադրություն դարձնում էի նախկին թիմերիս հետ խաղերին, բայց նրանց հետ մի քանի խաղ անցկացնելուց հետո սովորական մրցակից են դարձել:
Լուսանկարը՝ «Գանձասար Կապան»-ի ֆեյսբուքյան էջի







































