Թուրքական Hürriyet թերթում հրապարակվել է Անկարայում գտնվող Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (USAK) փորձագետ Հասան Սելիմ Օզերթեմի «Կովկասում լարվածության մեծացումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» խորագրով հոդվածը.
«2010 թվականը Կովկասում լարվածության աճի տարի էր: Դաղստանում, Չեչնիայում ու Ինգուշեթիայում ահաբեկիչների ակտիվացմանը հավելվեցին Լեռնային Ղարաբաղում գրանցված ընդհարումները: Տվյալ տարածաշրջանը Թուրքիայի համար մեծ կարևորություն է ներկայացնում` որպես դարպաս դեպի Ռուսաստան ու Կասպյան ավազան, ինչպես նաև էներգակիրների տարանցման կարևոր երթուղի: Դրա համար էլ այդ տարածաշրջանում լարվածության աճը զգալի ազդեցություն է ունենում Թուրքիայի վրա:
2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը նոր իմպուլս ստացավ: 2009 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպեցին 6 անգամ, մինչդեռ 2010 թվականին` միայն 3 անգամ: ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես ակտիվացել էր, սակայն դա ոչինչ չտվեց:
Այժմ Հայաստանն ու Ղարաբաղն ունեն 70.000-անոց զորք, իսկ Ադրբեջանը` 90.000: Դա վկայում է, որ զինադադարի պայմաններում, թե´ Հայաստանի, թե´ Ադրբեջանի զինված ուժերը գերազանցում են նրանց կարիքները: Մոտ 40.000-անոց բանակ էլ ունի Վրաստանը:
Զինադադարի կնքումից հետո Ադրբեջանը ձեռնամուխ է եղել իր բանակի արդիականացմանը, ինչը հիմնականում պայմանավորված էր լայնամասշտաբ պատերազմ մղելու անկարողությամբ: Այժմ Բաքուն որոշ հաջողությունների է հասել այդ հարցում: Բացի այդ, նրա ռազմական բյուջեն հասել է 3.12 միլիարդ դոլարի, և դա այն դեպքում, որ 2003 թվականին այն կազմում էր ընդամենը 135 միլիոն դոլար:
Ի հակադրություն դրա, Հայաստանն իր ռազմական կարիքների վրա ծախսել է միայն 400 միլիոն դոլար: Եթե սրան հավելենք նաև Լեռնային Ղարաբաղի ծախսը, ապա դա կաճի մինչև 600 միլիոն դոլար: Եվ ահա, այս իրավիճակում Ռուսաստանը որոշակի քայլեր է ձեռնարկել այդ անհավասարակշռության փոփոխման ուղղությամբ:
Ադրբեջանական կողմի տվյալներով, Ռուսաստանը 2009 թվականին Հայաստանին մատակարարել է 800 միլիոն դոլարի սպառազինություն: Այստեղ բացառիկ դեր է խաղում Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան: Բացի այդ, Հայաստանը` որպես ՀԱՊԿ անդամ, Ռուսաստանից զենքի գնման հարցում օգտվում է որոշակի արտոնություններից: Հենց դրանով է բացատրվում այն, որ Ադրբեջանը երկար ժամանակ ցանկանում էր Ռուսաստանից գնել С-300 զենիթա-հրթիռային համակարգեր, մինչդեռ Հայաստանը դրանք արդեն տեղակայել է իր ռազմավարական կարևոր կետերում:
2010 թվականի հունիսին Ադրբեջանն ընդունեց նոր ռազմական դոկտրինը, որում նշված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհով լուծման հավանականության մասին: Հայկական կողմը դրան պատասխանեց ագրեսիվ հայտարարություններով, ինչն ուղեկցվեց 2011-2015 թվականներին բանակի արդիականացման մասին ծրագրով»:
Այս ամենը հանգեցրեց նրան, որ նախորդ տարի Ադրբեջանն անօդաչու հետախուզական ինքնաթիռների միջոցով ուժեղացրեց իր հետախուզական գործունեությունը հակամարտության գոտում, իսկ ամառվանից հայ-ադրբեջանական բախումների քանակն սկսեց աճել: Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) հաշվետվության համաձայն` 2010 թվականին զինադադարի խախտման դեպքերն աճել են 55 տոկոսով, իսկ բախումների ընթացքում նվազագույնը 25 մարդ է զոհվել: 2011 թվականին նույնպես շարունակվում են բախումները:
Այսպիսի պայմաններում մեծ դեր է խաղում բանակցային գործընթացը, որը հայտնվել է փակուղային իրավիճակում, ինչը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Թուրքիան ներգրավված չէ դրանում: Մյուս կողմից էլ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Ադրբեջանի անորոշ ու անվստահ պահելաձևը նույնպես ամրապնդում է Թուրքիայի դիրքերը»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին թուրքական Zaman ազդեցիկ թերթը գրեց, որ մի շարք ռազմական հետազոտական կենտրոնների կարծիքով` հայկական բանակը համարվում է Կովկասի ամենամարտունակ, ամենալավ ուսուցված և շարժունակ բանակը.
«Դժվար է ասել, թե որքանո՞վ են ճիշտ կամ սխալ այդ կարծիքները, սակայն մի բան միանշանակ է, որ հայկական բանակն անցյալում հաղթել է Ադրբեջանին և «օկուպացրել Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը», և ցայժմ ոչ ոք չի կարողանում վիճարկել ստեղծված կարգավիճակը»:









































