Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմությունը պատրաստվում է մասշտաբային հարձակում սկսել ԴԱԻՇ-ի դեմ։ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» պատրաստվում են զինյալներից ամբողջովին ազատագրել Էլ-Հասակա նահանգը։
Այդ մասին նշված է սիրիական ընդդիմության ներկայացուցիչներից մեկի մասնակցությամբ տեսանյութում, որը հրապարակվել է YouTube վիդեհոսթինգում. «Այսօր մենք հայտարարում ենք Էլ-Հասակա նահանգի հարավային հատվածի ազատագրման մեկնարկի մասին։ Մենք մեր գործողությունները կհամակարգենք միջազգային դաշինքի գործողությունների հետ»։
«Սիրիայի դեմոկրատական ուժերում» ընդգրկված են Քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG), քրիստոնյա-ասորիների ուժերը, ինչպես նաև Սիրիայի արաբական դաշինքը, որին աջակցում է ԱՄՆ-ը։ Միության ձևավորման մասին հաղորդվել էր հոկտեմբերի 12-ին։










































