Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, որով նա առաջարկում էր միջնորդ լինել Հայ ազգային կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև, ասաց. «Ես կարծում եմ, որ օմբուդսմենի ինստիտուտը բավականաչափ թույլ է, և Կարեն Անդրեասյանն այն մարդը չէ, որ կարողանա զբաղվել ագրեսիվ իրավապաշտպանությամբ: Գուցե թե նա զբաղվեր ագրեսիվ իրավապաշտպանությամբ՝ այդ պակասն այդքան չերևար: Դժբախտաբար, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը ձևական բնույթ է կրում սկզբնավորման օրվանից»:
Հարցին՝ արդյոք մարդու իրավունքների պաշտպանի այդ հայտարարությունը մարդու իրավունքների խնդիրը չի՞ տեղափոխում քաղաքական հարթություն, Լևոն Բարսեղյանն արձագանքեց, թե չի բացառվում, որ իշխանությունը փորձում է ձեռնածության ենթարկել այդ ինստիտուտը իր և հասարակության միջև երկխոսության պատրանք ստեղծելու համար:











































