Այսօր աշխարհում նշում են մարդկության պատմության մեջ ամենախոշոր միջուկային աղետի 25-րդ տարելիցը: 1986 թ. ապրիլի 26-ին Ուկրաինական ԽՍՀ-ում տեղի ունեցավ Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ ռեակտորի պայթյունը, որի հետևանքով էներգաբլոկն ամբողջությամբ ավերվեց` մթնոլորտ արտանետելով մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր: Այն խոշորագույն աղետն է համարվում թե՛ զոհվածների և տուժածների թվով և թե՛ հասցված տնտեսական ու բնապահպանական վնասով:
Ավելի քան 100 մարդ զոհվեց հետագա ամիսների ընթացքում: Ատոմակայնի շուրջ ստեղծվեց տարհանման 30 կմ-անոց գոտի: Պայթյունից առաջացած ամպը ծածկեց հսկայական տարածք` մեծ վնաս հասցնելով Ռուսաստանին, Ուկրաինային, Բելառուսին:
Այս շրջանում է, որ հարց բարձրացվեց աշխարհում ատոմակայանների հետագա շահագործման նպատակահարմարության մասին: Այս հարցն առավել արդիական է նույնիսկ 25 տարի անց, երբ մարտի 11-ի երկրաշարժից հետո վթարվեց Ֆուկուսիմայի ատոմակայանը:









































