Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի կողմից Թուրքիայի համար վիզային ռեժիմը ազատականացնելու վերաբերյալ բանակցություններում գրանցվել է առաջընթաց։ Այս մասին այսօր հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն։
Վերջինս, սակայն, չի ներկայացրել մանրամասներ։ Փոխարենը նա լրագրողներին հայտնել է, որ Եվրոպական հանձնաժողովը ձեռնարկում է բոլոր ջանքերը։ Բերտոյի խոսքերով՝ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելու համար շուտով այդ երկիր կմեկնի Եվրոպական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանս Տիմերմանսը։
ԵՄ-ը Թուրքիայի հետ համաձայնեցնում է գործողությունների ընդհանուր ծրագիր, որը նախատեսում է ԵՄ-ի կողմից 3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների ակտիվացում և վիզայի չեղյալ հայտարարման արագացված գործընթաց։
Թուրքիան իր հերթին պետք է բարելավի երկրում փախստականների մնալու պայմանները, իր տարածքում կանխի դեպի ԵՄ ներգաղթյալների հոսքը և վերադարձնի Թուրքիայից ԵՄ երկրներ մուտք գործած ապօրինի ներգաղթյալներին։











































