Հանրաճանաչ դերասան և հեռուստահաղորդավար Աբդուլ Ազիզ ալ-Քասարը ձերբակալվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի առևտրի կենտրոնում այն բանից հետո, երբ տասնյակ երիտասարդ երկրպագուհիներ շրջապատել են նրան՝ նրա հետ լուսանկարվելու և սելֆի անելու համար: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Ալ-Քասարին երկրպագուհիների խումբը շրջապատել է Էր-Ռիադում, որտեղ նա գտնվում էր աշխատանքային այցով: «Ուղևորությունից առաջ ես իմ բաժանորդներին հարցրեցի ամենալավ առևտրի կենտրոնի մասին, և նրանք ինձ խորհուրդ տվեցին այցելել Ալ Նաքհիլ: Ես ընդունեցի նրանց առաջարկությունն ու սոցցանցերում տեղեկություն տեղադրեցի, որ պատրաստվում եմ ուրբաթ օրն այնտեղ այցելել»,- նշել է նա՝ հավելելով, թե չէր սպասում, որ այդքան շատ մարդ կլինի, և դրան պատրաստ չէր:
YouTube-ում և Twitter-ում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է երկրպագուհիների խումբը շրջապատում նրան և նրա հետ սելֆի անում: Դրանից հետո անծանոթ տղամարդը քաշում է նրա վերնաշապիկից և մի կողմ տանում: «Ես հասկացա, որ այդ մարդը Բարեգործության խրախուսման և մեղքից զերծ պահելու հանձնաժողովի անդամ է (կրոնական ոստիկանություն) և չհակառակվեցի՝ ի նշան հարգանքի»,- ասել է նա:
Ալ-Քասարին գրավի դիմաց բաց են թողել:







































