Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատագամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՄԻՊ զեկույցում անդրադարձ կա հարկային և մաքսային ոլորտին, ապա ավելացրեց, որ արդեն մի քանի օր է, ինչ այդ զեկույցի քննարկման ժամանակ պատգամավորները Կարեն Անդրեասյանին հարց են ուղղում, թե ասա ՊԵԿ այն ծառայողների անունները, ովքեր հովանավորչությամբ են զբաղված, սակայն ՄԻ պաշտպանն անուն չի տալիս:
Հիշեցնենք, որ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի տարեկան զեկույցում, որը ներկայացվել է ԱԺ-ում, նշված է, որ այդ ոլորտի ծառայողները բիզնես ոլորտում հովանավորչությամբ կամ գործարարությամբ են զբաղվում:
«Ինչ է դուք որևէ անուն չգիտե՞ք, դուք Գագիկ Խաչատրյանի անունը չգիտե՞ք, դուք Գագիկ Խաչատրյանի տեղը չգիտե՞ք: Նրա ունեցվածքի ու բիզնեսի մասին լեգենդներ են պատմում: Բիզնեսի մեջ որևէ ոլորտ չկա, որ նրա հետ կապ չունենա: Նման ունեցվածքի մասին լեգենդներ պատմում էին միայն պարսկական շահնշահերի մասին: Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ նախագահ լինելը թույլ չի տալիս տարանջատել բիզնեսն ու պետական կառավարումը, հակառակը՝ ավելի է ուժեղացնում բիզնեսի և պետական կառավարման սերտաճումը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:









































