Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն Լոնդոնում «ութնյակի» արտգործնախարարների գագաթնաժողովի մեկնարկից առաջ հանդիպել է Սիրիայի ընդդիմության «ժամանակավոր կառավարության» ղեկավար Հասան Խիտոյի հետ:
Բանակցություններն անցել են Լոնդոնում Գերմանիայի դեսպանատանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Դաշնային Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությանը:
«Գերմանիան աջակցում է Հասան Խիտոյի՝ ուժեղ և միացյալ ընդդիմություն ստեղծելու ջանքերին: Մեր գործընկերների հետ միասին մենք ձգտում ենք Սիրիայում քաղաքացիական պատերազմի սոսկալի տրամաբանության հաղթահարման ուղի գտնել և ներկայիս ռեժիմին ստիպել՝ նստելու բանակցային սեղանի շուրջ»,- հայտնել է Վեսթերվելլեն:
«Այդ իսկ պատճառով Դաշնային Հանրապետությունը աջակցում է սիրիական չափավոր ընդդիմության անցումային մարմիններին: Մեր նպատակն է ապահովել բնակչությանը առաջին անհրաժեշտության ապրանքներով»,- նշել է նախարարը:







































