Այսօր Երևանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ տարեվերջին, ըստ ամենայնի, կհանդիպեն Ադրբեջանի և Հայաստանի նախագահները՝ կողմերին կոչ անելով դադարեցնել ծանր սպառազինության կիրառումը, որի զոհ են դառնում խաղաղ բնակիչներ:
«Ամենամտահոգիչն այն է, որ 94 թվականից ի վեր չէր կիրառվել հրետանի, և այդ մասին արտահայտվել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Ուստի ցանկացած պատահական սրացում կարող է բերել դեպքերի անկանխատեսելի ընթացքի, որի դեպքում միջազգային հանրությունն ուղղակի չի կարող հասցնել կանխել: Ղարաբաղյան հակամարտությունը հայ-ադրբեջանական չէ այլևս: Ուստի հակամարտության կողմերն էլ են գիտակցում, որ ինչ-որ բան է պետք փոխել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Փորձագետի խոսքով՝ պատերազմի շանտաժն այսօր Բաքվի ամենահզոր լծակն է թե բանակցային գործընթացում, թե Հայաստանի դեմ. «Իսկ Ռուսաստանն էլ իր մասով է պատերազմով շանտաժի ենթարկում Հայաստանին՝ բազմամիլիարդանոց զինատեսակների մատակարարմամբ»:
Պարոն Մեհրաբյանը կարծում է, որ միջնորդների կողմից ճնշման չափաբաժինը պետք է էապես մեծանա. «Սա չի կարող անվերջ շարունակվել»:
Փորձագետի համոզմամբ՝ հակամարտող երկու կողմերի իշխանություններն էլ ունեն ընդհանուր նպատակ՝ ինքնապահպանում և ինքնարտադրում, ուստի ղարաբաղյան գործոնի օգտագործումը չի բացառվում. «Թշնամու կերպարը Ալիևի իշխանության լեգիտիմության ամենակարևոր կռվաններից մեկն է»:
Ինչպես նշեց փորձագետը՝ Ռուսաստանն այսօր կրել է ահռելի վնասներ ոչ միայն տնտեսական ու քաղաքական, այլև «ռեպուտացիոն», ուստի Մոսկվայի կայսերական ռեսուրսն էապես նվազում է, և դա կարող է անդրադառնալ ԼՂ կարգավորման վրա:









































