ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սիրիացի գրոհայիններին զենք չի խոստացել: Այդ հարցով ընդդիմությունը կրկին նրան էր դիմել չորեքշաբթի Լոնդոնում հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
«Ութնյակի» երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ Քերին և նրա մի շարք գործընկերներ բանակցություններ են անցկացրել սիրիացի ընդդիմադիրների հետ: Ամերիկյան պատվիրակության ներկայացուցչի խոսքով՝ ընթրիքի ժամանակ, որը կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, ընդդիմադիր առաջնորդը կրկին խնդրել է իրենց զենք տրամադրել սիրիական բանակի դեմ կռվելու համար: Սակայն Քերին նրանց ոչինչ չի խոստացել:
«Մենք միշտ քննարկում ենք տարբերակներ, մենք պատրաստվում ենք շարունակել օգնություն հատկացնել ընդդիմությանը, նրա հետ աշխատել նրա կարիքներին առնչվող հարցերում, այն հարցում, ինչ մենք ցանկանում ենք մատակարարել»,- ասել է ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչը:
Ներկայում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն զինված ընդդիմությանն են մատակարարում կապի միջոցներ, ինչպես նաև սնունդ ու դեղորայք, սակայն դեռևս մտադիր չեն զենք մատակարարել: Արևմտյան երկրների զսպվածությունն այդ հարցում առաջ եկավ այն բանից հետո, երբ չորեքշաբթի « Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման առաջնորդը հավատարմության երդում տվեց «Ալ-Քաիդայի» առաջնորդին:










































