ՀԱՀ-ում պատմության մեջ առաջին անգամ միասեռականների հարսանիք է տեղի ունեցել: Հարսանեկան արարողությանն ավելի քան 200 մարդ է ներկա եղել: 27-ամյա երիտասարդները՝ Տշեբո Կեմերոն Մոդիսանը և Թոբա Քելվին Սիթոլը միացել են ամուսնական կապերով՝ հագնելով ավանդական հագուստներ։ Այս մասին տեղեկացնում է Huffington Post-ը:
ՀԱՀ-ի Կվազուլու-Նատալ նահանգի երկու բնակիչների հարսանիքը կայացել է Կվա Դուկուզա քաղաքում: Արարողությունը տեղի է ունեցել տեղական կանոնների համաձայն՝ ամուսնական հավատարմության երդում տալով՝ նորապսակները ծիսական զոհաբերություն են արել, այնուհետև մասնակցել են տարբեր ավանդական ծեսերի: Դրանից հետո սկսվել են պարերը:
Երիտասարդ զույգը հայտարարել է, որ իրենք շատ երկար ճանապարհ են անցել և միանգամից չեն որոշել հրապարակավ գրանցել իրենց հարաբերությունները: Նորապսակների խոսքերով՝ այն ցեղախմբում, որին իրենք պատկանում են, համասեռամոլական կապերը չեն խրախուսվում: Նրանք շատ խոչընդոտների են հանդիպել, մինչև իրենց կապի մասին հրապարակավ հայտարարելը: Դեռ մանկությունից Տշեբոն և Թոբան հասակակիցների կողմից խտրականության են ենթարկվել: Նրանց ծաղրել, վիրավորել, իսկ երբեմն էլ ծեծել են:
Իսկ հարազատները նրանց երբեք չեն մեղադրել: Նրանք օրհնել են նրանց միությունը: Թոբայի մայրն ասում է, որ ցանկանում է, որ իր որդին երջանիկ լինի: Առաջին անգամ ՀԱՀ-ի պատմության մեջ նորապսակ համասեռամոլները գտնում են, որ իրենց հարսանիքը կարևոր է ոչ միայն իրենց, այլև ամբողջ հարավաֆրիկյան հասարակության համար, որին դժվար է հանդուրժող անվանել:
Երիտասարդները հույս ունեն, որ, մնացած գեյերն էլ քաջություն կունենան և նույնը կանեն: «Դա մեր պահպանողական համաքաղաքացիներին կսովորեցնի հարգել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին»,- կարծում են Տշեբոն և Թոբան: Զույգը պլանավորում է մոտ ժամանակներս երեխա ունենալ, և այդ հարցով արդեն դիմել են փոխանորդ մոր օգնությանը:









































