Ինչպե՞ ս է գնահատում Մարդու իրավունքների առաջին պաշտպան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ներկայիս պաշտպան Կարեն Անդրեասյանի այն հայտարարությունը, որում նա, անդրադառնալով 2008 թ. Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքներին, ի մասնավորի նշել է. «Կարևորելով մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելումը հնարավոր ներքաղաքական լարված իրավիճակներում, ինչպես նաև անկեղծ հավատալով, որ մեր հասարակության զարգացման և պետության հզորացման համար իսկապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսություն և առողջ համագործակցություն, ես ցանկանում եմ հանդես գալ Հայ ազգային կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև ՄԻՋՆՈՐԴ դառնալու առաջարկությամբ»:
«Ողջունելի համարելով այն բոլոր ցանկությունները, որոնք արտահայտված են կառուցողական քաղաքական երկխոսություն, պետական մտածողություն, քրիստոնեական եղբայրասիրություն, ազգային համերաշխություն պաթետիկ խոսքերով՝ ստիպված եմ ասել, որ միջնորդի գործառույթը չի համապատասխանում մարդու իրավունքների պաշտպանի՝ օրենսդրությամբ նախատեսված լիազորություններին: Ես ունեմ մտավախություն, որ Սահմանադրության 81.1 հոդվածը, որում խոսվում է տեղական ինքնակառավարման մարմինների և պետական մարմինների հետ համագործակցության մասին, գործող պաշտպանի կողմից ստացել է տարածական մեկնաբանություն: Կարծում եմ, որ քաղաքական կառուցողական երկխոսությունն ուղղակի դուրս է Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների դաշտից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Լարիսա Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեցինք, թե ինչու Մարդու իրավունքների պաշտպանը իշխող կոալիցիայի և Հայ ազգային կոնգրեսի միջև միջնորդ լինելու առաջարկությամբ հանդես եկավ հատկապես Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից հետո, թե Մարտի 1-ի դեպքերի բացահայտման հարցում ակնկալում է նոր թափ և ընդգծված ակտիվացում: Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այդ դեպքում հարցը տեղափոխվում է քաղաքական դաշտ, որի առթիվ կարելի է միայն ենթադրություններ անել: Նա նշեց միայն, որ նման փորձը՝ գրավոր դիմել քաղաքական ուժերին՝ նրանց միջև միջնորդ լինելու նպատակով, ողջունելի չէ: Մարդու իրավունքների առաջին պաշտպանը տարակուսելի է համարում նաև այն հանգամանքը, թե ինչու է ներկայիս պաշտպանը միջնորդի դեր փորձում ստանձնել հենց նշված երկու քաղաքական ուժերի միջև: Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ ՄԻՊ-ի նախաձեռնած այդ քայլը բազմաթիվ հարցեր է առաջ քաշում: «Իսկ եթե վաղը մեկ այլ քաղաքական ուժ ցանկություն հայտնի, որ պաշտպանը միջնորդ լինի, ի՞նչ պիտի անի նա»,- հարցնում է Լարիսա Ալավերդյանը:









































