Ադրբեջանական Aze.az կայքի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Էրդողանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթին.
«Իր ելույթում Բարաք Օբաման խուսափել է «Ցեղասպանություն» եզրույթը գործածելուց, քանի որ քաջ գիտեր, թե որքան զգայուն է թուրքական պետությունն այդ խնդրի շուրջ»:
Էրդողանը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերություններից. «Խորհրդարան ուղարկված հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի հաստատվել խաղաղություն: Ես այդ մասին պարզորոշ կերպ ասել եմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը թուրք հայտնի վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը գրել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորված չլինելու պատճառը հենց թուրքական կողմն է.
«Դժբախտաբար, մենք չկարողացանք հասնել խնդրի կարգավորմանը: Ինչքան էլ փորձեն խնդրի կարգավորման անլուծելիությունը բարդել Երևանի վրա, միևնույն է, ողջ պատասխանատվությունն ընկնում է մեր ուսերին, քանի որ մեր ղեկավարությունը չկարողացավ ադրբեջանական իշխանություններին լավ բացատրել, թե ինչն ինչոց է, և խոնարհվեց Բաքվի հակազդեցության առաջ: Արդյունքում, մեր անընդունակության պատճառով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը մնաց կես ճանապարհին»:








































