«Առաջին լրատվականն» այսօր տեղեկացրել էր, որ Wikileaks կայքում հրապարակվել են ամերիկյան դիվանագիտության գաղտնի փաստաթղթեր, որոնցում ԱՄՆ դիվանագետները ներկայացրել են իրավիճակը Գուանտանամո բանտում, որտեղ պահվում են ահաբեկչության մեջ մեղադրվող իսլամիստ ծայրահեղականները:
Փաստաթղթերից մեկում նշվում է, որ Գունտանամոյում գտնվող «ամենաբարձրաստիճան» ահաբեկիչներից մեկը՝ Խալիդ Շեյխ Մուհամադը, որին մեղադրում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն իրականացնելու մեջ, հայտնել է, որ իրենք պատրաստվում էին միջուկային զենք կիրառել այն դեպքում, եթե ձերբակալվեր Ուսամա բեն Լադենը:
Ըստ ահաբեկչի՝ իբր եվրոպական երկրներից մեկում իրենք թաքցրել են միջուկային զենք: Փաստաթղթում նշվում է, որ «Ալ-Քաիդան» բազմիցս փորձել է ձեռք բերել ուրան, և հնարավոր է, որ դա արդեն արել է: Նշվում է նաև, որ բեն Լադենը փախել է իր թաքստոցից` Տորա Բորա քարանձավներից, կոալիցիոն զորքերի ժամանումից մի քանի օր առաջ: Կարծիք կա, որ, այդուհանդերձ, միջուկային զենքով ահաբեկչության վտանգը պահպանվում է:








































