Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի նկատմամբ երկրորդ մեղադրանքն է առաջադրվել` 1977–1995թթ.Փարիզի քաղաքապետի պաշտոնում քաղաքապետարանում կեղծ աշխատատեղեր ստեղծելու համար։ Bloomberg-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է Նանտեր փարիզյան արվարձանի դատարանի անանուն աղբյուրը։ Հիշեցնենք, որ սա առաջին նմանօրինակ մեղադրանքը չէ: Ֆրանսիայի նախկին նախագահի նկատմամբ նման մեղադրանքներ նախկինում ևս առաջադրվել են: Ի մասնավորի` նա մեղադրվում էր 1977–1995թթ. Փարիզի քաղաքապետարանում 21 նման կեղծ աշխատատեղ ստեղծելու համար։ Շիրակի դեմ դատական գործընթացը կսկսվի 2011թ.մարտին: Ըստ մամուլի հրապարակումների` ենթադրվում է, որ եթե 77-ամյա Ժակ Շիրակը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչ 10 տարվա ազատազրկում։