Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանը բոսնիական սերբերի բանակի հրամանատար Ռատկո Մլադիչի գործի քննությունը նրա հիվանդության պատճառով հետաձգել է:
Մլադիչի հիվանդության մասին դիմումի պատճենն այսօր հրապարակել է տրիբունալի մամլո ծառայությունը: Երկուշաբթի օրը Մլադիչը նույնպես չէր ներկայացել դատական նիստին՝ տեղեկացնելով, որ բժշկին այցելելուց հետո հանգստի կարիք ունի: Ինչպես տեղեկացրել է դատավոր Ալֆոնս Օրին, նախկին հրամանատարն, իրոք, Հաագայի հիվանդանոցում բժշկի է այցելել, ինչի մանրամասները չեն հրապարակվում:
Մլադիչի փաստաբան Բրանկո Լուկիչը հայտարարել է, որ հիվանդության կապակցությամբ իր պաշտպանյալը մտադիր է դիմել դատարանին՝ դատական նիստերի շաբաթական քանակը կրճատելու խնդրանքով: Լուկիչը նշել է, որ այդ առաջարկությանը կողմ են նաև տրիբունալի բժիշկները:
Մլադիչը, 16 տարի թաքնվելով միջազգային արդարադատությունից, 2011 թ. մայիսի 26-ին ձերբակալվել էր Սերբիայում և արտաքսվել Հաագա: Մլադիչը մեղադրվում է ցեղասպանության, պատերազմի ավանդույթները և կանոնները խախտելու, մարդկության դեմ հանցագործությունների մեջ: Գլխավոր մեղադրանքը 1995 թ. Սրեբրենիցայում 8 հազար մուսուլմանների սպանությունն է, որը միջազգային արդարադատությունը որպես ցեղասպանություն է որակել:










































