Լյուկ Էվանսը Դրակուլայի դերով կնկարահանվի Universal կինոընկերության համանուն նախագծում: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Նկարահանումները կսկսվեն ընթացիկ տարվա երկրորդ կեսին:
Ենթադրվում է, որ ֆիլմը Դրակուլայի՝ վամպիրի վերածվելու պատմության մասին է: Ըստ սցենարի՝ նրա կնոջ և երեխայի կյանքը կախված է արյունռուշտ սուլթանից, իշխան Դրակուլան իր հոգին դնում է խաղաքարտի վրա՝ նրանց փրկելու համար, և արդյունքում վերածվում է վամպիրի:
33-ամյա Էվանսը վերջին տարիներին ակտիվորեն նկարահանվում է մարտաֆիլմերում, ֆանտաստիկ, պատմական և արկածային ժանրի ֆիլմերում: Առաջիկայում նա կհայտնվի «Հոբիթների» երկրորդ և երրորդ մասերում:
Դեռևս հայտնի չէ, թե ֆիլմը երբ կբարձրանա էկրան: Մի քանի անգամ նկարահանումները հետաձգվել են, սակայն Universal-ը ֆիլմի վրա աշխատանքների մեկնարկի համար «կանաչ լույս» է վառել:
Դրակուլան կինեմատոգրաֆիայի պատմության ամենահայտնի կերպարներից մեկն է: 20-ականներից սկսած՝ նրա մասին շուրջ 300 ֆիլմ է նկարահանվել: Դրակուլա-վամպիրն առաջին անգամ հայտնվել է XIX դարի վերջին՝ Բրեմ Ստոկերի համանուն վեպում:






































