Բելառուսում թաղման արարողության գնալու ճանապարհին ձերբակալվել է ընդդիմադիր Ալես Կալիտան: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը: Ձերբակալության հնարավոր պատճառը կարող է լինել այն, որ Կալիտան իր զինվորական ծառայությունն անց է կացրել նույն զորամասում, որտեղ ծառայել են Մինսկի ահաբեկչական ակտն իրականացնողները:
Ալես Կալիտան ձերբակալվել է Գոմելի ՆԳ վարչության կողմից: «Նրա ձերբակալության մասին հայտնել են կուսակցության ղեկավար Ալեքսեյ Յանուկևիչին, որն անհայտ համարից SMS էր ստացել: Կալիտան վերադառնում էր Ուկրաինայից և գնում էր մասնակցելու իր պապի հողարկավորությանը», – ասվում է Կալիտայի համախոհների տարածած հայտարարության մեջ:
Այն,որ Մինսկի ահաբեկչական գործողությունը կարող է ընդդիմության վրա բարդվել՝ ակնարկում էին Բելառուսի իշխանությունները: Ընդդիմադիրները զգուշացրել էին, որ այս գործողությունները հնարավոր է՝ կազմակերպված լինեն իշխանությունների կողմից` բելառուսական ընդդիմությանը ճնշելն արդարացնելու համար:










































