Վենեսուելայի իշխանությունների կողմնակիցների կողմից ընդդիմադիր հայացքներ ունեցող ուսանողների վրա հարձակման հետևանքով երկուշաբթի երեկոյան տուժել է 7 մարդ: Վերջիններս բողոքի ակցիա էին անցկացնում Կարակասի հրապարակներից մեկում՝ գրում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Ուսանողներն այդ մասին հայտարարել են Twitter-ի իրենց միկրոբլոգի միջոցով՝ խնդրելով օգնություն ու աջակցություն:
Բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 40 մարդ:
Ականատեսների վկայությամբ՝ հարձակվողները եղել են մոտոցիկլետներով, կրել կարմիր թևկապներ, ինչը վկայում է, որ նրանք իշխող ուժերի ներկայացուցիչ Նիկոլաս Մադուրոյի ճամբարից էին:
Նրանք օգտագործել են դյուրավառ հեղուկով լի շշեր, փայտեր և նույնիսկ զենք:
Ցուցարարների հիմնական պահանջն էր արդար ու ազնիվ ընտրությունների անցկացումը:
Վենեսուելայի ՆԳՆ ղեկավար Նեստոր Ռևերոլը արդեն հայտարարել է, որ անցկացվում է կատարվածի հետաքննություն:
Երկրում նախագահական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 14-ին:









































