Շիրակի մարզում տեղակայված ռուսական ռազմակայանի տանկային պոլիգոնում արկի պայթյունից զոհված երկու հայ երեխաների ընտանիքները գումար չունեն իրենց երեխաների հուղարկավորությունը կազմակերպելու: Այդ մասին «Գալա» հեռուստաընկերությանը ասել է Վահրամաբերդ գյուղի գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը: Երեխաներն ու նրանց ընտանիքները այդ գյուղից են: Երեխաներից մեկը 10 տարեկան էր, մյուսը՝ 15: Եթե նրանք դառնային 18 տարեկան, երեխաներին, որտեղից էլ պատահեր, կգտնեին զինկոմիսարիատի աշխատակիցները ու կտանեին բանակ՝ ծառայության:
Հիմա այդ երեխաները ողջ չեն, նրանք պետական որևէ կառույցի չեն հետաքրքրում, որպեսզի որևէ պաշտոնյա գնա և փորձի այդ երեխաների ծնողներին օգնել գոնե հուղարկավորելու զավակներին, փոքր-ինչ թեթևացնելու մարդկային այդ ողբերգության կենցաղային հոգսը: Ավելին՝ ողբերգությունը տեղի է ունեցել մի տարածքում, որը Հայաստանի Հանրապետությունը անհատույց տրամադրել է ռուսական ռազմակայանին:
Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանը գտնվում է անհատույց, ոչ միայն անհատույց, այլև նույնիսկ Հայաստանն է հատուցում՝ վճարելով այդ ռազմակայանի համար բեռների փոխադրումը, վճարելով այդ ռազմակայանի կոմունալ ծախսերը: Զոհված երեխաների ծնողները չքավոր մարդիկ են, նրանք մի կերպ են պահում իրենց ընտանիքները, ու այսօր ստացվում է, որ պետությունը ոչ միայն չի օգնում նրանց ընտանիքները պահելուն, այլև նույնիսկ վճարում է մի իրավիճակի, մի իրականության համար, որը դառնում է այդ ընտանիքների համար մարդկային ողբերգության պատճառ: Եվ դրանից հետո նույնիսկ պետությունը չի էլ փորձում հետաքրքրվել իրավիճակով, չի փորձում գոնե այդ ամենից հետո լինել պետություն, որի համար սեփական քաղաքացին արժեք է, որի համար Հայաստանում ծնված ու ապրող երեխան արժեք է, մարդկային կյանքն ունի գին, ունի կարևորություն:
Ռուսական արկերի վրա պայթել են ոչ միայն երկու գյումրեցի անչափահասները, այլ նաև արդեն չափահաս տարիքում գտնվող Հայաստանի Հանրապետությունը և նրա, այսպես կոչված, քաղաքական ուժերը, ինչի մասին վկայում է մարդկային ողբերգության հանդեպ պետական և քաղաքական անտարբերությունը: Եվ դա այն դեպքում, երբ այստեղ պետության միջամտությունը պետք է անմիջական լիներ, քանի որ Հայաստանի քաղաքացին, հայկական բանակի ապագա զինվորը զոհվել է երկրում օտար պետության ռազմակայանում:
Այս իրողությունը պետք է լիներ իշխանությունների, քաղաքական ուժերի քննարկումների հիմնական թեման, բայց նրանք զբաղված են իրենց քաղաքական շահերով, քաղաքացիների կյանքը կամ մահը նրանց համար նշանակություն ունի միայն այն դեպքում, երբ դա տեղավորվում է այդ շահերի շրջանակում և դառնում քաղաքական առևտրի տարադրամ: Իսկ սա ակնհայտորեն այդ դեպքը չէ, քանի որ գործ ունենք ռուսական ռազմակայանի հետ, իսկ Ռուսաստանին Հայաստանի քաղաքական դաշտում ոչ միայն իշխանությունները, այլ նաև, այսպես կոչված, ընդդիմության մեծ մասն էլ չի համարձակվում կամ, ավելի ճիշտ, նախընտրելի չի համարում որևէ պահանջ ներկայացնել: Դա՝ քաղաքականապես, իսկ միգուցե նաև տնտեսապես շահավետ «գիծ» չէ:
Շահավետը այս դեպքում լռությունն է, հատկապես այս կարևոր ժամանակահատվածում, երբ Հայաստանում կարկանդակի բաժանման հերթական շրջանն է՝ ի դեմս Երևանի ավագանու ընտրությունների:










































