«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր սեփականատեր, «Տաշիր Գրուպի» ղեկավար Սամվել Կարապետյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ ՝ նշելով, որ ապագայում հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑ»-ի մասով էլէներգիայի սակագնի բարձրացումից։ Ըստ Կարապետյանի՝ դա հնարավոր կլինի ապահովել, քանի որ ՀԷՑ-ի զարգացման գերակա նպատակներից է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը, ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացումը, սպասարկման որակի բարձրացումը և ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վերահսկողության ապահովումը:
«Առաջին լրատվական»-ը տնտեսագետ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե որքանով կարող է այս հայտարարությունը վստահություն ներշնչել հայաստանյան սպառողին, և իրականում կարո՞ղ ենք խուսափել սակագնի բարձրացումից։
–Ինչի մասին, որ մենք խոսում էինք, որ հնարավոր է ոչ միայն սակագնի բարձրացում տեղի չունենա, այլ սակագինը նվազի, ապա մենք պարզապես հայտարարություններ չէինք անում։ Մեր ուսումնասիրություններն են դա փաստում։ Տարիներ շարունակ ՀԷՑ-ում իրականացվել է անարդյունավետ կառավարում, և դրա արդյունքում այդ կազմակերպությունը հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում, որը սակագնի բարձրացումով փորձ է արվում բարդել սպառողի վրա։ Հիմա էլ ինձ համար պարզ է, որ կարելի է արդյունավետ կառավարում իրականացնելով՝ վերանայել, իջեցնել սակագինը։ Հիմա նոր սեփականատերը հաստատում է այն, ինչ մենք վաղուց ենք ասում, և եթե հիմա նա դա չհայտարարի, կնշանակի, որ ինքն էլ չի ուզում արդյունավետ կառավարում իրեն պատկանող ընկերությունում։ Տարիներ շարունակ իշխանությունը հովանավորել է այդ ոչ արդյունավետ կառավարում իրականացնողներին ու հիմա եթե Սամվել Կարապետյանը դա չհայտարարի, կնշանակի նա էլ է շարունակելու վայելել իշխանությունների այդ հովանավորչությունը։ Բայց չի կարող էներգետիկ համակարգում 12-13 տոկոս կորուստ ունեցող համակարգ աշխատել։ Սակագնի բարձրացումը երբեք էլ հիմնավոր չի եղել։ Երևի 38 դրամը, որ կար, ամենաօպտիմալ տարբերակն է այսօրվա պայմաններում։
-Պարոն Խաչատրյան, ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Սամվել Կարապետյանի կողմից իր բիզնեսում կատարված ներդրումը փորձ արվում ներկայացնել որպես բարեգործություն։ Խոսքը իր կողմից հոսանքի սուբսիդավորման մասին է։ Արդյո՞ք դա ներդրում չէ, որը շատ կարճ ժամանակում կարելի է հետ բերել։
–Իմ անձնական մոտեցումն այն է, որ ես չեմ ընդունում նման կարգի բարեգործությունը։ Դա բարեգործություն չէ։ Հակառակը՝ ես եմ որպես քաղաքացի բարեգործություն անում, երբ որ հոսանքի դիմաց վճարում եմ այսօրվա սակագնով։ Ես կուզենայի, որ մինչև նման կարգի բաների մասին խոսելը, հաշվեն, թե 7 դրամի բարձրացման արդյունքում իրենք ինչքան ավել եկամուտ են ստանում։ Հետո հաշվարկ անեն, թե այդ բարեգործության գումարն ինչքան է կազմում, ապա պարզ կլինի, թե իրական բարեգործն ով է։ Մե՞նք, թե՞ իրենք։
Սակագնի 7 դրամ թանկացման արդյունքում ընկերությունը հաջորդ տարվա մեջ 39 միլիարդ դրամ լրացուցիչ գումար կստանա։ Եվ եթե այդ 39 միլիարդից հանում ենք հարկերը՝ մոտ 9 միլիարդ, հանում ենք նաև այդ չակերտավոր բարեգործության գումարը՝ 6 միլիարդ դրամի չափով, ապա մենք կտեսնենք, որ մեկ է, իրենք շահած են դուրս գալիս։ Այսինքն՝ մոտ 24 միլիարդ դրամ հավելյալ եկամուտ մեկ տարվա ընթացքում։ Այսինքն՝ այդ ամբողջ աղմուկը, կապված սուբսիդավորման հետ, այս թվերի շրջանակում է, և փորձել դա սպառողին ներկայացնել որպես բարեգործություն, անընդունելի է, ինձ համար՝ վիրավորական։









































