Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ, ապրիլի 24-ին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում մի խումբ անձինք (200 մարդ) ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Դրան մասնակցել են մի խումբ թուրք մտավորականներ, փաստաբաններ, իրավապաշտպաններ, քուրդ պատգամավորներ, ինչպես նաև Ստամբուլի հայկական «Ագօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի եղբայր Օրհան Դինքը:
Միջոցառման ժամանակ Ստամբուլից ընտրված քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) պատգամավոր Ուֆուք Ուրասի կինը՝ Զեյնեփ Թանբայը, կարդացել է մի հայտարարություն, որում դատապարտել է 1915 թվականի սարսափելի իրադարձությունները` չնշելով «Ցեղասպանություն» եզրույթը: Նշվում է, որ ոգեկոչման արարողության ժամանակ բավական մեծ լարվածություն է տիրել Թաքսիմ հրապարակում, քանի որ մի խումբ թուրք ազգայնականներ (300 մարդ) ցանկացել են կանխել այն: Նրանք «զինված» են եղել Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներով և վանկարկել են հակահայկական արտահայտություններ` հիշեցնելով Խոջալուի դեպքերը և գովաբանելով Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթին:
Այս պատճառով էլ ոստիկանությունը ստիպված է եղել անվտանգության խիստ միջոցառումներ ձեռնարկել` երկու խմբերի միջև հնարավոր բախումները կանխելու համար: Հիշեցնենք, որ ներկայումս գործում է www.buacihepimizin.net (այս ցավը մեր բոլորինն է) ինտերնետային կայքը, որին անդամագրվել է 796 մարդ:















































