Մամոնտներին ոչնչացրել են մարդիկ, ոչ թե կլիման: Այս վարկածի համոզիչ ապացույցներ են ներկայցրել ամերիկացի գիտնականները, որոնք ուսումնասիրել են մորից կենդանիների անջատման տարիքը: Իրենց եզրակացությունները նրանք ներկայացրել են Ողնաշարավորների հնէաբանության ամերիկյան միության կոնֆերանսում և Միչիգան նահանգի համալսարանի մամլո հաղորդագրության մեջ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Նոր մեթոդը թույլ է տալիս պարզել երիտասարդ կենդանիների դիետայի հերթափոխությունները, և հետևաբար՝ որ տարիքից են մամոնտներին բաժանել կրծքից, և նրանք անցել են հասուն կենսակերպի: Անհրաժեշտ համաչափությունը հետազոտողները որոշել են փղերի հյուսվածքներով:
Մորից անջատվելու տարիքը անուղղակի ցուցիչն է խնդիրների, որոնց բախվում է կենդանիների պոպուլյացիան: Ժամանակակից փղերի ուսումնասիրությամբ հայտնի է, որ ուշ առանձնացումն արտացոլում է սննդի որոնման հետ կապված խնդիրները (կլիմայական փոփոխությունների պատճառով), իսկ շուտը՝ սպառնալիք որսորդների կողմից (այն կենդանիներին ստիպում է ավելի արագ մեծանալ):
Գիտնականների շրջանում պլեյստոցենային մեգաֆաունայի անհետացման պատճառների վերաբերյալ 2 հիմնական վարկած կա: Դրանցից մեկն անհետացումը կապում է կլիմայի փոփոխության հետ, մյուսը խոշոր կենդանիների անհետացումը կապում է մարդու գործողությունների հետ՝ որսի կամ բնակության վայրերի ոչնչացման: Վերջին վարկածը վերջերս հաստատվել է քարանձավային արջերի նկատմամբ կիրառման մեջ: Այդ վարկածի օգտին արտահայտվել են նաև Ավստրալիայի բնակեցման պատմության ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողները:









































