Երևանի ավագանու ընտրություններին դանդաղորեն ձևավորվում է երկու հիմնական բևեռ՝ Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան»: Նախագահական ընտրություններին աննախադեպ բարձր՝ 37 տոկոս ստացած Րաֆֆի Հովհաննիսյանին կարծես թե չի հաջողվում դառնալ ՀՀԿ-ի հիմնական մրցակիցը: Այդ դերը վերստին իրեն է վերադարձնում ԲՀԿ-ն` իր կուսակցական ու ֆինանսական հսկայական միջոցներով անցած տարվա խորհրդարանական ընտրությունների նման այս անգամ ևս փորձելով գոնե երկրորդ ուժը դառնալ:
Փաստորեն, թե՜ իշխանությունները, թե՜ Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացան օգտագործել ընձեռված պատմական հնարավորությունն ու ազատվել երկուստեք գլխացավանք դարձած ԲՀԿ-ից: Իսկ ԲՀԿ-ն երկուսի համար էլ իսկապես գլխացավանք է: Հատկապես իշխանությունների համար, քանի որ անընդհատ նրա գլխին թափահարվող մահակ է, թե` այլ ուժերի հետ միասին կարող է մեծ խնդիրներ առաջացնել իր համար, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է իր կողմից ստեղծված այս ուժն օգտագործելով՝ նորից իշխանության գալ: Մեծ է հատկապես տագնապը, որ քաղաքական դաշտում ԲՀԿ-ի միջոցով Ռ. Քոչարյանը կարող է շատ ավել վաղ և շատ ավելի ակտիվ գործունեություն ծավալել: Ահա թե ինչից են զգուշանում իշխանությունները և ահա թե ինչու չեն կարողանում կողմնորոշվել «Բարգավաճի» հարցում՝ ոչնչացնե՞լ այդ ուժին, թե՞ հակառակը` մոտ պահել, որ չփախչի ու հետո թիկունքից չհարվածի իրեն: ԲՀԿ-ն էլ լավագույնս օգտվելով իր կամ-կամ վիճակից ու կիսաիշխանական արտոնություններից՝ հնարավորինս ամրացնում է դիրքերը:
Իհարկե, իշխանությունների համար դժվար չէ կազմաքանդել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հատկապես, որ այդ կառույցի բազմաթիվ անդամներ՝ սկսած կուսակցապետ Գագիկ Ծառուկյանից, օրինական դաշտի հետ խնդիրներ ունեն: Նրանք այդ մահակը մի քանի անգամ օգտագործել են, բայց ընդամենը թափահարել են և երբեք չեն հարվածել: Եվ ահա, Գագիկ Ծառուկյանն իր կուսակցականների հետևում թաքնվելով և անձամբ գրեթե որևէ սուր քննադատություն չհնչեցնելով՝ կուսակցությունը տանում է ընդդիմադիր դաշտ, բայց առայժմ մնում է այդպես էլ քաղաքականությանն անհայտ ՙայլընտրանքի՚ ֆորմատում՝ ամեն պահի և հրավերքի դեպքում պատրաստ նորից ՀՀԿ հետ կոալիցիա կազմելուն:
Իսկ թե ինչ հարաբերություններ է պատրաստվում կառուցել ԲՀԿ-ի հետ ՀՀԿ-ն, պարզ կդառնա Երևանի ավագանու ընտրություններին: Արդյո՞ք իշխանությունները ԲՀԿ-ին թույլ կտան, որ այս ընտրություններին իրենց հետ միասին ընտրակաշառք բաժանեն կամ այլ կեղծիքներ կատարեն` ինչպես այդ կուսակցությունն արեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եթե իշխանությունները թույլ տան, որ ԲՀԿ-ն կրկին ավանդական մեթոդներով ընտրություններ անցկացնի, չի բացառվում, որ նրան նորից կոալիցիա բերեն: Իհարկե, դա չի նշանակում, որ վարչապետի պաշտոնը նրան կզիջեն: Իսկ եթե իշխանությունները թույլ չտան, որ ԲՀԿ-ն իրենց զուգահեռ ընտրակեղծիքների գնա ու մեծ ներգրավվածություն ունենա ավագանու կազմում, կնշանակի, որ նրանց ճանապարհներն արդեն բաժանված են:
Նույնը վերաբերում է նաև «Ժառանգությանը»: Ի՞նչ հնարավորություններ կստեղծեն իշխանություններն այդ կուսակցության համար: Կնպաստե՞ն, որ ավելի մեծ ներկայացվածություն ունենա այդ կառույցում, թե՞ կթողնեն, որ ԲՀԿ-ն դաժան, ինչու չէ, նաև անարդար մրցակցության արդյունքում կուլ տա «Ժառանգությանը»՝ հայտարարելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններին իր ձայներն է ստացել:
Այնպես որ, մեկ ամիս հետո բավականին հետաքրքիր և հեռահար ծրագրեր նախատեսող ընտրություններ են սպասվում, որոնք քաղաքական վերադասավորումների նոր սկիզբ կարող են լինել: Իշխանություններն իրենց հետագա համագործակցության համար երկու տարբեր ուժերի ընտրության առջև են կանգնած՝ «Ժառանգությո՞ւն», թե՞ «Բարգավաճ Հայաստան»: Հենց այս երկընտրանքի պայքարն էլ այսօր ընթանում է նաև ՀՀԿ-ի ներսում: Մի մասը ցանկանում է առաջիկա հնգամյակը շարունակել «Ժառանգության» հետ, մի ստվար մաս էլ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ պայքարում է երբեմնի կոալիցիոն գործընկերոջը ետ բերելու համար: Ի տարբերություն «Ժառանգության» ԲՀԿ-ն, ճիշտ է, ավելի կառուցողական ու նպատակասլաց է գործում, սակայն կարևոր է, թե այդ առումով ի՞նչ կողմնորոշում ունի ինքը՝ Սերժ Սարգսյանը, ինչն այս պահին անհայտ է: Հարց, որի լուծմանը ականատես կլինենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում:









































