Որևէ ընկերության սնանկության գործընթացը օրենքով է կայանում, որոշումը դատարանն է ընդունում, իսկ «Արմավիա» ընկերության մի պաշտոնյա հայտարարեց, որ դադարեցվում են թռիչքները, ինչը դեռ չի նշանակում, որ ընկերությունը գնում է սնանկացման: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հանրային խորհրդի օդային տրանսպորտի, հաղորդակցության ոլորտի ենթահանձնաժողովի նախագահ Իզաբելլա Մուրադյանը:
Ըստ նրա՝ ՀՀ-ն եզակի երկրներից է, որտեղ ավիացիան միայն մեկ օրենքով է առաջնորդվում, մինչդեռ ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ է օրենսգիրք: «Արմավիայի» խնդիրները սկսվեցին անցած տարվա մարտից: «Արմավիան» բողոքում էր «Զվարթնոցի» բարձր գներից՝ այն դեպքում, երբ «Միկա» ընկերությունը ավիավառելիքը հասցնում էր սահմանին, որտեղից «Զվարթնոցը» տեղափոխում էր օդանավակայան և 250-300 դոլար մարժայով վաճառում «Արմավիային»: Իսկ մեկ օդանավը ամսական սպառում է մինչև 3000 տոննա ավիավառելիք:
Ապրիլի 11-ին ՀԽ ենթահանձնաժողովի նիստում կքննարկվեն ավիացիայի զարգացման, «Արմավիայի» խնդրի հետ կապված հարցեր, դրա գնային քաղաքականությունը:
Ի. Մուրադյանը նշեց, որ Հայաստանը ժամանակին սխալ թույլ տվեց՝ վաճառելով «Հայկական ավիաուղիները» 100%-ով, իսկ աշխարհի պետությունների մեծ մասում տեղական ավիաընկերությունների բաժնեմասի մեծ մասը պետական է, օրինակ՝ «Աէրոֆլոտը», «Թրքիշ էյրլայնսը», Ֆրանսիայի, Չեխիայի ավիափոխադրողները:
Նա համաձայնեց, որ «Արմավիայի» խնդիրները նաև վատ կառավարման հետևանք են: Ի. Մուրադյանի կարծիքով՝ ճիշտ կլիներ, եթե հայկական ավիափոխադրողը լիներ պետական մասնակցությամբ և օտարերկրյա կառավարչով ընկերություն. «Ինչ պետք է անել, եթե ազգային ավիափոխադրող չլինի, դրսի ընկերությունները չունենան դրույթ, որ դադարեցնեն թռիչքները դեպի ՀՀ, եթե մեր երկրում որևէ ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծվի՝ երկրաշարժ, ջրհեղեղ և այլն»:
Տոմսերի արժեքի վերադարձման հետ կապված՝ բանախոսը նշեց, որ ՀԽ-ում առաջարկում են ստեղծել ռեցեսային հիմնադրամ, որը արագ կփոխհատուցի քաղաքացիներին, հետո կստանա գումարները «Արմավիայից»: Ներկայում «Արմավիան» հերթագրում է քաղաքացիներին և չի կարողանում անմիջապես վերադարձնել գումարները:







































