Ապրիլի 6-ին Ստրասբուրգի քաղաքային երաժշտության դահլիճում ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի է ունեցել «AMALGAMME» ֆրանս-գերմանական նվագախմբի կազմակերպած բարեգործական համերգը, որի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում և Ֆրանսիայում սահմանափակ կարողությունների տեր երեխաներին:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ համերգին բացման խոսքով հանդես է եկել Արմեն Պապիկյանը: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ, Բադեն-Բադենի և Ֆրայբուրգի սիմֆոնիկ նվագախմբերին, ինչպես նաև Ստրասբուրգի իշխանություններին` համերգի կազմակերպման գործում ցուցաբերած և մարդասիրական այս ակցիային ակտիվ և հետևողական մասնակցության համար:
Հայ անվանի դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ հնչեցին Մոցարտի, Դվորժակի, Ելգարի, Էդվարդ Միրզոյանի և Կոմիտասի ստեղծագործությունները: Համերգին ներկա էին ԵԽ-ում հավատարմագրված դեսպաններ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգին իր մասնակցությունը բերեց հայտնի դաշնակահար Իգոր Չետուևը:









































