Կարևոր չէ՝ որքան մարդ կլինի հրապարակում ապրիլի 9-ին, կարևոր է՝ որքան բարձր կլինի էներգետիկան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն՝ անդրադառնալով վաղը Երևանի Ազատության հրապարակում կայանալիք «Նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը»։
Ըստ նրա՝ վաղը պետք է սկսվի Հայաստանում հաստատված ներկայացուցչական ժողովրդավարությունից անցումը դեպի ուղիղ ժողովրդավարություն: Բանախոսի կարծիքով՝ սա բավականին դժվար գործընթաց է, բայց ամենակարևորն է երկրի հետագա ճակատագրի համար, ուստի, նրա խոսքերով, պետք է ուշադիր լինեն յուրաքանչյուր գործչի առաջարկին, որովհետև այսօր ողջունելի են միայն այդ անցումները:
Հարցին, թե որքանով է ռեալ այդ անցումը, Ա. Մանուչարյանը պատասխանեց. «Երբ ժողովուրդը կանգնած է հրապարակում, իրեն զգում է հրապարակում, գործի է դնում իր մտավոր պոտենցիալը, այդ պոտենցիալը սկսում է աշխատել, մարդիկ սկսում են հրապարակ բերել իրենց խնդիրները»: Ըստ նրա՝ դա սկսում է պարտադրանք հանդիսանալ իշխանության համար:
«Այս պարագայում Ազատության հրապարակում կայացված որոշումները սկսում են կատարել բոլորը: Վաղը սկսվելու է հենց նման համակարգի հաստատումը»,- նկատեց նա՝ հավելելով, որ կարևոր չէ, թե որքան մարդ կլինի հրապարակում, կարևոր է, թե ինչ էներգետիկա կլինի Ազատության հրապարակում, իսկ այդ էներգետիկան կար Ազատության հրապարակում կայացած վերջին հանրահավաքի ժամանակ:





































