Հայաստանի իշխանությունները կարծես թե որոշել են մինչև վերջ հետևողական լինել Լևոն Զուրաբյանի հարցում և ստիպել նրան պատասխան տալ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին զրպարտելու համար: ՀԱԿ խմբակցության ղեկավարը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին մեղադրել է ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի նախագահին կաշառելու մեջ՝ դրանով բացատելով այդ հանձնաժողովի դրական վերաբերմունքը իշխանությունների կողմից իրականացվող սահմանադրական փոփոխությունների գործընթացի նկատմամբ:
Զրպարտությունը կամ հանցագործության մասին կեղծ հաղորդումը քրեորեն դատապարտելի արարք է, և եթե Լևոն Զուրաբյանը չկարողանա ապացուցել, որ Գագիկ Հարությունյանը կաշառել է Ջիանի Բուքիքիոյին, ապա նա կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության: Իշխանությունները Լևոն Զուրաբյանին այլընտրանք են թողել և առաջարկել են, որ նա ներողություն խնդրի Գագիկ Հարությունյանից նրան զրպարտելու և կեղծ մատնության համար: Այդ դեպքում քրեական հետապնդումը կդադարեցվի:
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ գործի քննությունը հանձնվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը: Առաջիկա օրերին այս վարչության քննիչները կհրավիրեն Լևոն Զուրաբյանին ոստիկանություն և կպահանջեն, որ նա իր հայտարարությունը ապացուցող փաստեր ներկայացնի: Զուրաբյանը, իհարկե, նման փաստեր չունի և չի կարող ներկայացնել: Նա ոստիկանություն չի գնա՝ հղում անելով իր անձեռնմխելիությանը, բայց մամուլով կարող է քաղաքական բնույթի դատողություններ անել այն մասին, որ իր համար անհասկանալի է Վենետիկի հանձնաժողովի միակողմանի և չհիմնավորված պահվածքը, որ ինքը այդ պահվածքից ելնելով ընդամենը ենթադրություն է արել այն մասին, որ Վենետիկի հանձնաժողովի նման միակողմանի պահվածքը կաշառվածության հետևանք է:
Չնայած բոլորի համար էլ պարզ է, որ այդ տրամաբանությամբ կարելի է ցանկացած մարդու մեղադրել ինչում ասես, և դրա համար հիմնավորումներ գտնել: Օրինակ՝ Սարգիս Հացպանյանը 3 տարի ազատազրկման դատապարտվեց, քանի որ չկարողացավ ապացուցել իր այն պնդումը, թե Ռոբերտ Քոչարյանը մահափորձ է ծրագրել Սերժ Սարգսյանի դեմ:
Իշխանության համար Լևոն Զուրաբյանին քրեական պատասխանատվության ենթարկելը, իհարկե, գլխացավանք է, որովհետև լինելով պատգամավոր՝ նա օժտված է պատգամավորական անձեռնմխելիությամբ, և նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու և առավել ևս նրան կալանավորելու համար անհրաժեշտ է խորհրդարանի համաձայնությունը: Պետք է, որ այս գործով գլխավոր դատախազը ներկայանա խորհրդարան և խորհրդարանի համաձայնությունը ստանա Զուրաբյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Իսկ այս փուլում իշխանությունը դժվար թե գնա նման քայլի, քանի որ այդ դեպքում Զուրաբյանը կարող է հայտարարել, որ ինքը քաղաքական հետապնդման զոհ է, որ այդ ամենը իրականացվում է իրեն լռեցնելու համար: Չնայած իշխանությունը ունի խորհրդարանում բավարար թվով ձայներ Զուրաբյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, բայց ամենայն հավանականությամբ չի գնա այդ ճանապարհով, կամ առնվազն այս փուլում չի գնա:
Իշխանությունը այս գործը Ոստիկանության 6-րդ վարչություն ուղարկելով այլ խնդիր է լուծում: Նրան պետք է ցույց տալ, որ ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը պատասխանատու չէ իր հայտարարությունների համար և հարկ եղած դեպքում չի կարող ապացուցել իր հայտարարությունների ճշմարտացիությունը: Այսինքն՝ ցույց տալ հասարակությանը, որ պետք չէ լուրջ վերաբերվել Զուրաբյանի հայտարարություններին, քանի որ նրա ոչ մի մեղադրանք իշխանության հասցեին ապացուցողական բազա չունի: Բացի այդ, այս դեպքը կստիպի, որ Զուրաբյանը և ընդհանրապես որևէ այլ քաղաքական գործիչ որևէ հայտարարություն անելիս մտածի դրա հետևանքների մասին, չկարծելով, որ եթե իրենք ընդդիմադիր են, ապա ազատված են պատասխանատվությունից և մտքներով ինչ անցնի՝ կարող են հայտարարել:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































