Ռուս գիտնականները առաջ են քաշել Երկրի ձգողության աճի հետևանքով դինոզավրերի ոչնչացման հիպոթեզը՝ հայտնում է TASS-ը:
«Կա հին հնէաբանական պարադոքս, ըստ որի՝ շատ կենսաբանական օրգանիզմներ, որոնք իրենց գոյության անվիճելի փաստերը թողել են Երկրի քարե տարեգրությունում, այսօր այնտեղ պարզապես չէին կարողանա ֆիզիկապես ապրել»,- ասել է Վլադիվոստոկի Ծովերի կենսաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Անատոլի Դրոզդովը:
Նրա կարծիքով՝ գոյություն ունեցող ձգողության ուժը թույլ չէր տա գոյություն ունենալ այնպիսի կենդանիների, ինչպիսիք են հսկայական պտերոզավրերը՝ 12-15 մ թևերի բացվածքով, կամ հսկայական դինոզավրերը՝ մի քանի տոննա քաշով:
Վերլուծելով 150 միլիոն տարվա ընթացքում 11 ամենախոշոր կենդանիների էվոլյուցիայի հնէաբանական տվյալները, նրանք եկել են այն եզրակացության, որ դինոզավրերը զարգացել են ավելի ցածր ձգողության պայմաններում, որը 150 միլիոն տարվա ընթացքում աճել է 2,079 անգամ:
Ձգողության աճը գիտնականները բացատրում են Երկրի զանգվածի ավելացմամբ, որը արդյունք է համեմատաբար փոքր երկնաքարերի և տիեզերական փոշու հետ մակերեսի միացման: Նրանց հաշվարկներով՝ 150-200 միլիոն տարիների ընթացքում Երկրի մակերևույթը ավելացել է 4,32 անգամ:









































