NASA-ի մասնագետները տեսազեկույց են ներկայացրել Յուպիտերի ուսումնասիրությունների մասին՝ հայտնում է gazeta.ru-ն:
Ultra HD-ով գերհստակ նկարահանումը հնարավորություն է տվել տեսնելու մանրամասներ, որոնք նախկինում չեն երևացել: Գիտնականներն օգտագործել են տարբեր ժամանակներում Hubble տիեզերական աստղադիտակի արած լուսանկարները: Նրանք ոչ միայն ստեղծել են մոլորակի նոր քարտեզ, այլև հետևել են դրա մակերևույթին կատարվող փոփոխություններին:
Հետազոտողներն արձանագրել են քամիների և փոթորիկների ուղղությունների և ուժի փոփոխությունները, ամպերի շարժը: Հոլովակում երևում է, թե ինչպես է երկրային տարվա ընթացքում փոխվում Մեծ կարմիր բծի գույնն ու չափը: Ըստ երկար առանցքի՝ բիծը կրճատվել է 240 կմ-ով, այն ավելի կլորացել է, իսկ բծի ներսում աստղագետները հայտնաբերել են տարօրինակ թելաձև գոյացություններ, որոնք դեռ պետք է ուսումնասիրել:
Յուպիտերի վրա Մեծ կարմիր բիծը հսկայական փոթորիկ-հակացիկլոն է՝ ամենամեծ մթնոլորտային հողմապտույտը Արեգակնային համակարգում: Այն ունի 24-40 հազար կմ երկարություն և 12-14 հազար կմ լայնություն, ինչը զգալիորեն մեծ է Երկրից: Եվս 2 լուսանկարներում գիտնականները հայտնաբերել են հսկայական ալիք, որը մինչև հիմա տեսել են միայն մեկ անգամ՝ 1977թ. «Վոյաջեր-2» տիեզերական սարքի միջոցով: Մոտ ժամանակներս կներկայացվեն Ուրանի, Նեպտունի և Սատուրնի նույնանման քարտեզները:










































