ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Թուրքիան անվանել է հիմնական երկիր, որը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման վրա: Այս մասին Քերին հայտարարել է Ստամբուլում մամլո ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է RIA Novosti-ն: Նշենք, որ Քերին Թուրքիայում է՝ Եվրոպա և Մերձավոր Արևելք իր 10-օրյա շրջագայության շրջանակում:
Քերին բարձր է գնահատել Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության գործունեությունը քրդական հարցի կարգավորման գործում: «Մենք հիացմունքով հետևում ենք, թե այն ինչպես է փորձում խաղաղ ճանապարհով կասեցնել բռնությունը»,- հայտարարել է Քերին՝ հավելելով, որ Էրդողանը կարող է առաջնորդի որակներ դրսևորել պաղեստինա-իսրայելական խաղաղ գործընթացում այնպես, ինչպես անում է քրդական հարցի լուծման պարագայում:
Քերին հաստատել է, որ ԱՄՆ-ը և Թուրքիան շարունակում են համագործակցությունը սիրիական խնդրի շուրջ: «Թուրքիան ընդունել է հազարավոր փախստականների և արել ամեն հնարավորը՝ այդ մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու համար»,- ասել է նա:
Քերին ուշադրություն է դարձրել թուրք-իսրայելական հարաբերություններին: «ԱՄՆ-ը չի պատրաստվում միջամտել, պայմաններ դնել և երկկողմ խնդիրների լուծման ժամկետներ նախանշել: Մենք պարզապես ցանկանում ենք, որ այդ հարաբերությունները լիովին կարգավորվեն: Դա ծայրաստիճան կարևոր է տարածաշրջանում խաղաղ գործընթացի և կայունության ձեռք բերման համար: Դրա համար պարտադիր պայմաններ են փոխհատուցման վճարումը (2010-ի մայիսին Իսրայելի կողմից Mavi Marmara նավի վրա հարձակման համար, որի հետևանքով Թուրքիայի 9 քաղաքացի զոհվեց-1in.am), դեսպանների վերադարձը և երկկողմ հարաբերությունների վերսկսումը»,- ընդգծել է Քերին՝ հիշեցնելով, որ Թուրքիան և Իսրայելը ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերներն են:
Ինչ վերաբերում է իրանական միջուկային խնդրին, Քերին հայտարարել է, որ այդ առնչությամբ բանակցությունները չեն կարող անվերջ անարդյունք մնալ: ԱՄՆ-ը հավատում է, որ խնդրի համար դիվանագիտական լուծում կգտնվի:







































