Apple կորպորացիան մեղավոր է ճանաչվել Վիսկոնսինի համալսարանի (Մեդիսոն) արտոնագրի անօրինական օգտագործման համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Համաձայն դատարանի որոշման՝ Apple-ն իր A7, A8 և A8X չիպերում ապօրինաբար կիրառել է համալսարանի տեխնոլոգիան՝ ուղղված պրոցեսորների արդյունավետության բարելավմանը։ Վերը նշված չիպերը կիրառվում են iPhone 5s, 6, 6 Plus սմարթֆոններում և iPad-ի մի քանի մոդելներում։
Դատարանը ճանաչել է, որ Վիսկոնսինի սաների հետազոտական հիմնադրամն արտոնագրել է տեխնոլոգիան դեռևս 1998 թվականին։
2015-ի սեպտեմբերին հիմնադրամի ներկայացուցիչները ևս հայց էին ներկայացրել Apple-ի դեմ, որում մեղադրել են ընկերությանը իրենց տեխնոլոգիան A9 և A9X պրոցեսորներում կիրառելու համար։ Դրանք օգտագործվում են iPhone 6S-ում, 6S Plus-ում, ինչպես նաև iPad Pro-ում։
Շրջանային դատավոր Ուիլյամ Քոնլիի խոսքով՝ փոխհատուցման վերջնական գումարը դեռևս պետք է պարզել, սակայն վերջնական տուգանքի չափը կարող է հասնել 862.4 մլն դոլարի։








































